Top.Mail.Ru
31 հոկտեմբերի 2023թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՅ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը մասնակցել է 2023 թվականի հոկտեմբերի 27-29-ը Երևանում կայացած Հայ իրավաբանների համագումարի պաշտոնական բացմանը։

Համագումարի նպատակն էր քննարկել Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և հայկական սփյուռքին առնչվող իրավական հարցերի լուծմանը սփյուռքի իրավական ներուժը ներգրավելու, համագործակցության համահայկական հարթակ ստեղծելու վերաբերյալ հարցեր, ինչպես նաև օժանդակել աշխարհի տարբեր երկրներում գործունեություն ծավալող և մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող հայ իրավաբանների միջև կապերի ստեղծմանն ու համագործակցությանը։

Համագումարի պաշտոնական բացման ժամանակ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ողջունելով մասնակիցներին, կարևորել է այն փաստը, որ առաջին անգամ հայրենիքում են համախմբվել աշխարհասփյուռ հայ լավագույն իրավաբանները՝ Հայաստանի, Արցախի և հայկական սփյուռքի առջև ծառացած հիմնախնդիրների հաղթահարմանն ուղղված համատեղ իրավական լուծումներ գեներացնելու, սեփական փորձով կիսվելու համար։

«Համոզված եմ, որ իրավաբանական հանրության ճիշտ, համակարգված, թիրախային, գրագետ և թիմային աշխատանքը մեծ ներուժ ունի մեր օրակարգային խնդիրները լուծելու և հայկական պետության իրավական «թիկունքը» ամուր պահելու համար: Սփյուռքի մեր իրավաբան հայրենակիցների դերն ու նշանակությունը անգնահատելի է ոչ միայն հայկական սփյուռքում իրավական գործընթացների առաջմղման գործում, այլ նաև առկա է մեծ ներուժ Հայաստանի Հանրապետությունում օրենսդրական փոփոխությունների, դատաիրավական համակարգի բարեփոխումների, գործարար միջավայրի բարելավման ընթացքում միջազգային առաջավոր փորձի ներդրման կամ արդեն ավանդական դարձած ուղղություններով իրավական սպասարկման իմաստով:
Այսօրինակ միջոցառումները և մասնագիտական քննարկումները, ի վերջո, պետք է դուրս գան «խորհրդաժողովային» տրամաբանությունից և վերածվեն կոնկրետ ոլորտներում կոնկրետ նպատակներ, թիրախներ և արդյունքներ հետապնդող աշխատանքային կայուն հարթակների»
, - նշել է Արման Դիլանյանը

(ՀՀ ՍԴ նախագահի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ):

Հայ իրավաբանների համագումարին մասնակցել են հանրային, մասնավոր, միջազգային, քրեական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտները ներկայացնող սփյուռքի շուրջ 200 իրավաբաններ, ՀՀ դատական, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ։

Նորություններ