Top.Mail.Ru
31 հունվարի 2024թ.

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է «ՖԻԼԻՊ ՋԵՍԱՓԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ» ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՒԼԸ

2024 թվականի հունվարի 28-ին Սահմանադրական դատարանում տեղի ունեցավ  «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի» ամենամյա դատախաղ-մրցույթի ազգային փուլը։ Միցույթի մասնակցության հայտ ներկայացրած երեք համալսարաններից՝ Երևանի պետական համալսարան, Հայ-Ռուսական համալսարան և Հայաստանում ֆրանսիական համալսարան, երազփակիչ փուլ էին անցել  ԵՊՀ-ի և ՀՌՀ-ի թիմերը։ Այս տարի դատախաղ-մրցույթի թեման կապված էր մարդու իրավունքների հիմնախնդիրների հետ. քննարկվում էր քաղաքացիության ինստիտուտը։  

Դատախաղի շրջանակներում համակողմանի քննարկման առարկա են դառնում միջազգային իրավական բազմաթիվ հարցեր և այդ հարցերի ուսումնասիրման և դատական ներկայցման աշխատանքներին ներգրավվելով՝ ուսանողներն ավելի խորքային են սկսում ուսումնասիրել միջազգային հանրային իրավունքը և պրակտիկ բնույթի կարողություններ են ձևավորում։

Միջոցառումը կազմակերպել էր «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնը»։ Դատախաղի դատավորներն էին Սիրանուշ Սահակյանը,  Արամ Արամյանը,  Լևոն Գևորգյանը՝ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի նախագահությամբ։ 
Այս տարի ազգային փուլում հաղթանակ տարավ Երևանի պետական համալսարանի իրավական թիմը, որն էլ կներկայացնի Հայաստանը՝ Վաշինգտոնում կայանալիք միջազգային մրցափուլին։ 

 

 «Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի» ամենամյա դատախաղ-մրցույթը  Արդարադատության միջազգային դատարանի (ICJ) առջև երկրների միջև հորինված վեճի մոդելավորում է։ Այն կրում է Ֆիլիպ Ջեսափի անունը, ով ժամանակին ծառայել է ICJ-ում և կազմակերպվել է Իրավաբան ուսանողների միջազգային ասոցիացիայի (ILSA) կողմից։ Դատախաղը, Սթիվեն Շվեբելի ղեկավարությամբ (ով նաև գրել է անդրանիկ դատախաղի խնդիրը), սկսվել է որպես շահերի պաշտպանության ընկերական մրցույթ Հարվարդի համալսարանի երկու թիմերի միջև 1960 թվականին։ Առաջին չեմպիոնները հռչակվել են 1963 թվականին, իսկ մրցույթն իր դռները ոչամերիկյան թիմերի համար բացել է 1968 թվականին։ 

Հայաստանն այս մրցույթին մասնակցում է 2000 թվականից, 2015-ից Հայաստանում այն անցկացվում է անգլերենով, ինչը պահանջում է մասնակիցների կողմից լեզվի լիարժեք տիրապետում։ 

Վաշինգտոնում միջազգային մրցափուլը կկայանա մարտի 30-ից մինչև ապրիլի 6-ը, որտեղ կմրցեն ավելի քան 60 երկիր։

Նորություններ